Հայկական էլեկտրոնային համաբարբառ

Համաբարբառները, ներկայացնելով երկում գործածված բոլոր բառերը բնագրային համապատասխան վկայություններով, զգալի նշանակություն ունեն լեզվական տարբեր իրո­ղութ­յունների քննության համար: Տասնամյակներ շարունակ լուրջ աշխատանքներ են տարվել հիմնականում գրաբարագիր հեղի­նակ­ների երկերի բնագրային համաբարբառների կազմության ուղղությամբ: Կարե­լի է արձանագրել, որ, առանց տեխնիկական որևէ օժանդակության, կատարվել է հսկայական աշխատանք, սակայն համաբարբառների կազմության ավանդական եղանակն այլևս չի համապատասխանում բառարանագրության առջև դրված խնդիր­ներին։ Ուստի արդի փուլում էապես կարևորվում է ինչպես համակարգ­չա­յին նորագույն ծրագրերի կիրառությունը վերջիններիս կազմության գործում, այն­պես էլ տեխնիկական տարբեր միջոցներով դրանց հասանելի դարձնելը: Որոնման սահմանափակ հնարավորություններ ունեցող նախկին մեքենագիր համաբար­բառ­ները համակարգչային ծրագրերով ստեղծված, որոնողական ճկուն համա­կարգ ունեցող, համացանցում հասանելի էլեկտրոնային համաբարբառներով փո­խա­րի­նելու նպատակով ստեղծվեց «Հայկական էլեկտրոնային համաբարբառը»:

«Հակական էլեկտրոնային համաբարբառը» նախկինում մեքենագիր, տպագիր ե­ղա­նակով կազմված և նոր ստեղծվելիք համաբարբառների լայն ընդգրկում ունեցող էլեկտրոնային մեծա­ծավալ շտեմարան է, որի նպատակը հայ դասական գրականության ականավոր ներկայացուցիչների երկերի բնագրային համաբարբառները ներկայացնելն է: Էլեկտրոնային համաբարբառը նախորդների համեմատությամբ կունենա նկատելի տարբերություններ, որոնք վերաբերում են հեղինակների և նրանց երկերի ընդգրկման ծավալին, գլխաբառի կազմությանն ու ներկայացման եղանակներին, ինչպես նաև լեզվական տարբեր իրողությունների քննության ժամանակ համաբարբառների կիրառությանը: