Թովմա Արծրունի


Կազմող` Լիդա Գուլգազարյան

Խմբագիր` Լիդա Գուլգազարյան

«ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՏԱՆՆ  ԱՐԾՐՈՒՆԵԱՑ»

                                                                  


           Թ. Արծրունին 9-րդ դ. երկրորդ կեսի և 10-րդ դ. սկզբի պատմիչ է: Հայ պատմագրության մեջ նա ունի իր հաստատուն տեղը: Հեղինակի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, համարյա չկան նաև կենսագրական տվյալներ: Թ.Արծրունու «Պատմութիւն տանն Արծրունեաց» երկից իմանում ենք, որ նա ծագումով Արծրունյաց տոհմից էր, եղել է վարդապետ և ժամանակի պատմական ու քաղաքական իրադարձություններին ականատես և մասնակից:

  Թ. Արծրունին իր երկասիրությունը գրել է Վասպուրականի մեծ իշխան Դերենիկի, հետագայում նաև  Դերենիկի կրտսեր որդու՝ Գագիկ արքայի պատվերով: Սակայն հեղինակը չի սահմանափակվել միայն Արծրունիների տոհմի պատմության նկարագրությոմբ: Երկն ունի ավելի լայն ընդգրկում: Այն իր մեջ ամփոփում է Հայաստան աշխարհի մեծ ու փոքր նախարարական տների մասին լուրջ և կարևոր վկայություններ, որոնք չկան նախորդ պատմիչների աշխատություններում: Արծրունին իր պատմությունն սկսում է վաղնջական ժամանակներից՝ Ադամից և Եվայից և հասցնում մինչև 906թ.: Նա օգտվել  է հայ և օտարազգի պատմիչների գրավոր սկզբնաղբյուրներից, շատ հաճախ նաև ականատեսների վկայություններից: Բոլոր դեպքերում դրանց մոտեցել է քննադատաբար և եթե որևէ տեղեկութիւն ստույգ չի համարել, ինչպես ինքն է ասում, ավելորդ է համարել նշել: ,,Եւ զոր ոչ հաւատարմանայ մեզ՝ և ոչ գրել կարևոր համարեցայ,, , - գրում է պատմիչը: /էջ 100/

    ,,Պատմութիւն տանն Արծրունեաց,, երկը Հայաստանի պատմության կարևոր սկզբնաղբյուրներից է: Այնտեղ արտացոլված են միջնադարյան Հայաստանի սոց.- տնտեսական, սոց.- քաղաքական և մշակութային խիստ արժեքավոր տեղեկություններ: Այն ունի պատմա-ճանաչողական մեծ արժեք: Երկն ստույգ տեղեկություններ է տալիս մեր հարևան պետությունների և մանավանդ մեր դարավոր հարևան վրաց ժողովրդի մասին: Խիստ արժեքավոր են պատմիչի տված տեղեկություններն արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին: Այդ մասին պատմիչը պատմում է ականատեսի վկայությամբ: Հայրենասեր պատմիչը բարձր է գնահատում խելացի և իմաստուն մեր քաջ այրերին, որոնց գլխավորությամբ վարած դաժան և անհավասար մարտերը հաղթանակով էին ավարտվում: Պատմիչը մեծ գովեստով է խոսում նաև ժողովրդի ծոցից դուրս եկած համարձակ ու անձնազոհ մարտիկների մասին, որոնցից շատերի անունները հիշատակում է իր աշխատության մեջ: Պատմիչն իր նկարագրած բոլոր իրադարձությունները նշում է թվականներով և անպայման նշում տեղի ունեցած գործողության վայրը: ,,Ինչ պատմություն առանց թվերի,, ,- գրում է նա:

       Թ. Արծրունին անաչառ պատմիչ է: Նա իրականությունը ներկայացնում է այնպես, ինչպես կա: Գովաբանում է, անկախ տոհմական ծագումից, բոլոր խելացի և բանիմաց թագավորներին ու իշխաններին, դատապարտում՝ դավաճաններին և ագահներին, բայց և չի խուսափում արտահայտելու իր անձնական վերաբերմունքն այս կամ այն երևույթի կամ անձնավորության նկատմամբ: Այսպես՝ նա ավելի բարձր է գնահատում Աշոտ Բագրատունուն, քան Դերենիկ Արծրունուն, չնայած ինքն Արծրունի էր և երկասիրությունը գրել էր Դերենիկ Արծրունու պատվերով: Խիստ դատապարտում է դավաճան Մեհրուժան Արծրունուն:

           Առավել ուշագրավ և արժեքավոր տվյալներից են այն հսկայական շինարարական աշխատանքները, որ կատարվել են Արծրունիների իշխանության օրոք: Այդ տարիներին կառուցվել են ճարտարապետական հոյակապ կոթողներ՝ եկեղեցիներ, տաճարներ, ամրոցներ, դղյակներ, ճանապարհներ և այլն: Այդ մասին ավելի մանրամասն պատմում է Անանուն պատմիչը, որի աշխատությունը նույնպես կրում է ,,Պատմութիւն տանն Արծրունեաց,, խորագիրը:  Ենթադրվում է, որ նա ևս եղել է Արծրունի և իր պատմութիւնը գրել է Հայոց մեծ արքա Գագիկի պատվերով: Պատմիչը գրում է, որ իր համար հույժ հաճելի է հիշատակել Հայոց իմաստուն արքա Գագիկի աշխարհաշեն գործերը, որոնք պարծանք են Արծրունյաց ազգատոհմի համար և կարող են հետնորդների համար հիշատակ ծառայել: Եվ անպայմանորեն նշում է, որ այս պատմությունը գրում է ոչ ուրիշների գրած ու պատմած տեղեկությունների հիման վրա, այլ ,,պատմում եմ որպես ականատես և ականջալուր, իմ ձեռքով շոշոփած՝ հավաստի և ապշեցնող եղելությունները,,:

           Ահա այդ եղելություններից մեկը՝ Աղթամար քաղաքի շինությունը: Պատմիչը հպարտությամբ նշում է, որ Գագիկն իր իմաստության և հանճարեղ խելքի շնորհիվ զգում է, որ Աղթամարը կարող է թշնամի հրոսակախմբերից պաշտպանող մի ամուր ապաստան լինել: Եվ ձեռնարկում է նրա շինությունը ժամանակի հմուտ ճարտարապետների և փորձառու վարպետների օգնությամբ: Եվ ահա կարճ ժամանակում վեր է խոյանում պատմության մեջ հազվագյուտ այդ շինությունը, որը զարմացնում և հիացնում է նույնիսկ ժամանակակից հմուտ ճարտարապետներին: Արվեստի մի սքանչելի գործ է նաև Աղթամար քաղաքում կառուցված ,,գերապայծատ և պանծալի,, սուրբ եկեղեցին: Պատմիչը հատուկ նշում է, որ եկեղեցու շինության քարերը բերվել են հեռավոր երկրից: Պատմիչը չի զլանում նաև նշել, որ հիշյալ եկեղեցու ճարտարապետը Մանվել անունով մի այր էր՝ ,,այր լի իմաստութեամբ և զօրաւոր ի գործս իւր,,: Պատմիչը գովեստներ չի խնայում ճարտարապետին մեծարելու համար: ,,Հրաշակերեց եկեղեցին զարմանալի արվեստով և կերտեց փառքի մի տաճար ... ճշգրիտ նմանահանությամբ հորինեց նաև Գագիկ արքայի փառահեղ պատկերը, որը մեծապանծ հավատքով բարձրացրել է եկեղեցին բազուկների վրա, ինչպես մանանայով լի ոսկե սափոր և կամ որպէս անուշահոտությամբ լցված ոսկե տուփ,, , - գրում է նա:

           Անանունի պատմությունն անավարտ է: Այն վերջանում է Գագիկ արքայի դեմքի և նրա անձի գեղեցկության նկարագրությամբ: Ահա մի փոքրիկ հատված այդ նկարագրությունից. ,,Աստված նրան շնորհեց լուսազարդ պատկեր ... նա ունի սլացիկ հասակ, վայելուչ և պայծառ երես: Նրա գլխի մազերը թխակերպ են, գանգրագեղ գիսավորությամբ, թանձրախուռն խտությամբ և ուղիղ ձևով հավաքված են փառահեղ ճակատին: Բարակ, կամարաձև ու մրազարդ հոնքերը, արտևանունքները՝ աչքերի բիբերով հանդերձ՝ ինչպես շուշանը հովիտներում, ծաղկելով ծավալվել են հրաշազարդ հորինվածքով ... Նրա նորածիլ մորուսը մանուշակի պես ծաղկել է գունագեղ այտերին ... և այլն: Սա բանաստեղծական շնչով գրված մի հիասքանչ ստեղծագործություն է՝ համեմված գեղեցիկ մակդիրներով, համեմատություններով և փոխաբերություններով:

         Անանուն պատմիչի խոսքն ազատ է, անկաշկանդ, բառերը կարծես սահում են թղթի վրայով՝ թողնելով հաճելի և անջնջելի տպավորություն:

           Թ. Արծրունու և Անանուն պատմիչի երկասիրություններն ունեն թե պատմական, թե գեղարվեստական մեծ արժեք:

        Նախկինում ,,Պատմութիւն տանն Արծրունեաց,, աշխատությունը համարվել է մեկ պատմիչի գործ և հրատարակվել է Թովմա Արծրունու անվան տակ: Զարմանալի և անհասկանալի սխալ է կատարվել: Պետք է ենթադրել, որ դա գրիչների սխալն է եղել: Չի կարելի շփոթել այս երկու շնորհալի պատմիչների այդքան միմյանցից տարբերվող պատմելաոճը՝ բավական նրբորեն արտահայտված: Անհավատալի է նաև այն փաստը, որ Արծրունու նման լուրջ և հավասարակշռված պատմիչը կարող էր նույն բանը կրկնել երկու անգամ՝ փոքր ինչ տարբերությամբ: Թ. Արծրունու պատմությունն անավարտ է: Այն վերջանում է Վասպուրականի մեծ իշխան Դերենիկի և նրա երեք որդիների մասին պատմությամբ: Եվ հանկարծ նույն պատմությունը կրկնվում է, այս ագամ ավելի մանրամասնորեն, ուրիշ պատմելաոճով և մանավանդ ուրիշ մոտեցումով: Այս մոտեցումն ավելի հատուկ է Անանուն պատմիչին, որը ոչ միայն հիացած է Դերենիկի կրտսեր որդի Գագիկով, այլ այն աստիճան պաշտում է նրան, որ Գագիկին համարում է ամենաիմաստուն և ամենաարժանաւոր թագավորը, որի նմանը Հայաստան աշխարհը չի տեսել և չգիտի՝ կտեսնի թե ոչ: Միչդեռ Թ. Արծրունին, որի մասին արդեն գրել ենք վերևում, նախապատվությունը տալիս է Աշոտ Բագրատունուն: Անհամատեղելի են այս երկու իրարամերժ կարծիքները:

             Հաշվի առնելով այս հանգամանքները՝ նպատակահարմար գտանք  Թ. Արծրունու և Անանուն պատմիչի  երկերի համաբարբառները տալ առանձին-առանձին: Այս բանում ավելի ստույգ համոզվեցինք, երբ ծանոթացանք գրքի 1985թ. հրատարակությանը, որտեղ մեծարգո պրոֆեսոր Վ.Մ.Վարդանյանն իր կազմած ծանոթագրությունների բաժնում /էջ 509/ հաստատում է այն կարծիքը, որ ,,Պատմութիւն տանն Արծրունեաց,, երկը երկու հեղինակների գործ է, և առանձնացնում է դրանք: Գիրքը լույս է տեսել հետևյալ տիտղոսաթերթով.                   

                        


                        ԹՈՎՄԱ  ԱՐԾՐՈՒՆԻ   ԵՒ  ԱՆԱՆՈՒՆ

                         ՊԱՏՄՈՒԹԻՒՆ  ՏԱՆՆ  ԱՐԾՐՈՒՆԵԱՑ

  Գրքի վերոհիշյալ հրատարակությունն էլ ընտրել ենք համաբարբառները կազմելու համար:

                  

                                                                                                   Լիդա Գուլգազարյան

  


                  


Երկեր